«Հրապարակ»-ը գրում է․
«Մայր տաճարի վերաօծման միջոցառումները խառնել են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի պլանները եւ կասկածի ու հուսահատության որդ գցել շարժման աջակիցների շրջանում։ Բանն այն է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կիրակի կայացած բազմամարդ հավաքից անմիջապես հետո պետք է տրվեր ակտիվ գործողությունների մեկնարկը, եւ հենց այդ նպատակով Բագրատ սրբազանը ՀՀԿ եւ ՀՅԴ ղեկավարություններին խնդրել էր՝ առնվազն երեք հազարական խմբերով ներկայանալ հավաքին եւ պատրաստ լինել, որ մի քանի օր հնարավոր է տուն չգնան, քանի որ «գործը սկսվում է»։
Մեր տեղեկություններով՝ նախնական պլանով, հավաքից հետո պետք է շարժվեին Սահմանադրական դատարանի մոտ, շրջափակեին բարձր դատարանի շենքը՝ առաջիկա օրերին փակելով շենքի ելումուտը եւ թույլ չտալով, որ ՍԴ դատավորները մտնեն շենք՝ խափանելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը, հիշեցնենք․ այն Սահմանադրական դատարանում կքննվի այսօր։
Ռեսուրսակիր երկու ուժերը կազմ-պատրաստ ներկայացել են հավաքին, հատկապես ՀՀԿ-ի հատվածում գրեթե դատարկ աթոռ չկար, սակայն Համալիրի բեմահարթակից Սրբազանի հայտարարությունը, որ ակտիվ գործողությունները սկսվում են հոկտեմբերի 2-ից, շատերի համար սառը ցնցուղ է եղել։
«Հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց նա՝ ասելով. «Այս շարժումը նոր է սկսվում, եւ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է։ Այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ եւ համբերատար, ով պատրաստ է զոհաբերության եւ զրկանքների, որովհետեւ սա ճշմարտության համար պայքար է, եւ ոչ մեկը չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»: Սակայն նախնական սցենարից հրաժարվելը որոշակի հիասթափություն է առաջացրել պայքարի կողմնակիցների շրջանում։
Կան տեղեկություններ, որ պլանները փոխելու եւ ակտիվ ակցիաները մի քանի օրով հետաձգելու Սրբազանի որոշման վրա ազդեցություն է ունեցել Մայր Աթոռի հորդորը, քանի որ հավաքից հաշված օրեր առաջ երկրի քաղաքական ղեկավարության այցի վերաբերյալ պատասխան են ստացել, եւ կառավարությունը' ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տվել է համաձայնությունը՝ մասնակցել մայր տաճարի վերաօծման արարողությանը: Սրանից Վեհափառն ու առաքելական եկեղեցին այնքան են հուզվել, որ, ըստ ամենայնի, խնդրել են Բագրատ սրբազանին՝ ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծել, չհարամել երկար սպասված արարողությունը եւ թույլ տալ, որ սեպտեմբերի 28-ից մեկնարկող՝ մի քանի օր տեւող միջոցառումները նորմալ անցկացնեն։ Ի դեպ, Սրբազանն իր խոսքում անգամ ակնարկեց այդ մասին, թե' Մայր Աթոռի արարողություններից հետո ենք սկսում ակտիվ պայքարը:
Ակնհայտ է, որ եկեղեցին որոշել է չեզոք դիրք գրավել, դրանով պայմանավորված էլ՝ քաղաքական վերնախավին մայր տաճարի վերաբացմանը մասնակցելու մասին հրավեր է ուղարկել, եւ շունչը պահած սպասում էին արձագանքներին։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս նպատակով էլ համաձայնել է ներկա գտնվել արարողություններին' պայքարի շարունակությունը կանխելու համար: Այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով էին անցած Ամանորին արգելել Վեհափառ հայրապետի ուղերձը հեռարձակել Հանրային հեռուստաալիքով: Դրան հաջորդեց Սարդարապատի հուշահամալիր բարձրանալու ճանապարհին Վեհափառին քաշքշելու եւ ստորացնելու ակցիան։
Ստացվում է, որ ոչ միայն եկեղեցին չի ուզում գնալ առճակատման եւ տարանջատվել է Բագրատ սրբազանի պայքարից, այլեւ ամեն ինչ անում է, որ ձախողի պայքարը: Եվ ինքը' Բագրատ սրբազանն էլ տեղի է տալիս դրան' հակառակ պարագայում չէր փոխի իր ծրագրերը' այդքան մարդու հուսախաբ անելով: Կամ էլ Համալիրի հավաքը պետք է հետաձգեր մի քանի օրով, որ նման խնդրի չբախվեր։ Մի բան ակնհայտ է, որ Սրբազանի ոչ միայն պլաններն են խառնվել, այլեւ այդ իրադարձությունները նրան դրել են ծանր ընտրության առաջ՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել մայր տաճարի վերաբացման միջոցառումներին, որին նաեւ, իր բնորոշմամբ' «նեռը»՝ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու: Բացարձակապես չի հասկացվի, եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքին, նույն տարածքում, իսկ դրանից մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին: Իսկ չգնալը կնշանակի չգնալ սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ ունեցած հակասությունները»։