«Հրապրակ» թերթը գրել է.
Ադրբեջանում ուշիուշով հետեւում են Հայաստանում ծավալվող իրողություններին, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծագույն հրճվանքով։ Oxu.az-ի հետ զրույցում Ֆուադ Աբասովը Բագրատ սրբազանին անվանել է քահանա Գալստանյան եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում այս շարժումը, քանի որ դրսից ունի աջակցություն: Նա ՔՊ-ականների թեզերն է կրկնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ուղղորդվում է ռուսական կողմից, իսկ ՀՀ իշխանություններին աջակցում է Արեւմուտքը։
Փաշինյանի քաղաքական ու քարոզչական թիմերի օրակարգը, լեքսիկոնը բառացիորեն համընկում են ադրբեջանական լեքսիկոնի եւ թեզերի հետ։ Նույնիսկ եկեղեցու եւ հայ հոգեւորականների դեմ օգտագործվող արտահայտություններն են նույնը։ Day.az-ի հեղինակներից Բայրամ Էշադովը, որ երեւի այնքան հանգիստ չէ, որքան Աբասովը, սրբազանին шарлатан-священник է անվանում եւ գրում է․ «Թվում է, շառլատան-քահանա Բագրատ Գալստանյանը սկսում է հասկանալ, որ իր բողոքի շարժման օրերը հաշված են։ Այն հանգամանքը, որ նրան ուղղված աջակցությունը չի աճում Հայաստանի ներսում, նրան այն մտքին է բերել, որ շտապ պետք է այլ երկրների աջակցություն փնտրել։
Ինչպեսեւ վայել է մանիպուլյատորին, նա որոշեց օգտվել դժբախտ պատահարից, որպեսզի փորձի հարաբերություններ կառուցել»։ Խոսքն Իրանի ղեկավարների հետ կատարված ողբերգության մասին է: Եվ Էշադովը փիառ է որակում Բագրատ սրբազանի կողմից Իրանի հյուպատոսարան այցելելն ու ցավակցություններ հայտնելը:
Ադրբեջանցիները նաեւ հիշատակում են սրբազանի՝ Կանադայի քաղաքացիություն ունենալու փաստը, եւ Էշադովը հռետորական հարց է տալիս՝ ո՞րն է լինելու այդ արտաքին ուժը, որին կդիմի Բագրատ սրբազանը։ Ինչ վերաբերում է շարժման աջակիցներին, ապա նրանց ադրբեջանցի հեղինակն անվանում է ռադիկալներ, ովքեր ամեն ինչում մեղադրում են Ադրբեջանին։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կայքերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ Բագրատ սրբազանի մասին հրապարակումների նույնականությանը ՔՊ-ականների առաջ քաշած թեզերի հետ, ասում է. «Ամբողջությամբ նույն թեզերն են, բացարձակ նույն թեզերն են։ Այն, ինչ այստեղ հրամցնում է իշխանական քարոզչությունը, մեկը մեկին ադրբեջանականում է… Փորձում են ամեն գնով Հայաստանի ներկայիս իշխանություններին պաշտպանել եւ հնարավորինս աջակցել քարոզչական դաշտում իրենց գործընկերներին»։