Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։

Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։

Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։