Դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսեց գործել Ջրային պարեկային ծառայությունը, որի նպատակը բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալն է։

Ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով, և ուժեղացված ծառայության արդյունքում դեկտեմբերի 12-ին ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպքեր։

Ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է մեքենա՝ բարձված ապօրինի որսած շուրջ 250 սիգ տեսակի ձկներով։

Նույն օրը, ժամը 11․40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի մոտակայքում մեկ այլ մեքենայում հայտնաբերվել է ապօրինի որսած շուրջ 20 սիգ տեսակի ձուկ։

Երկու անձ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։