Հակակոռուպցիոն կոմիտեն NEWS.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե Առողջապահության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով հրավիրվել է հարցաքննության, թե՝ ոչ կամ երբ է հրավիրվելու։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա։

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետեւ ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, եւ պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։

Ինքը՝ Թորոսյանը, դրանից էլ առաջ էլ ասում էր, որ պատրաստ է հարցաքննվելու եւ անհասկանալի է՝ ինչու ծանուցում չի ստացել։

«Հարցաքննվելու պատրաստակամությունը հայտնել եմ ոչ հանրայինորեն՝ նախորդ տարվա աշնանը։ Այն հրամանի հիման վրա, որով մեղադրանք են առաջադրել, ես եմ հեղինակը, եւ շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները»,- ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։