Գուցե Արսեն Թորոսյանը դե յուրե գնաց, բայց իրականում որեւէ բան չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը։

«Առողջապահության նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը, ով փոխնախարար էր եւ  ամբողջությամբ համաձայն է իրականացվող ծրագրերի հետ, շատ բարձր է գնահատում նախորդ տարիներին  իրականացված միջոցառումները, հետեւաբար մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Այս իմաստով ինձ համար հասկանալի չէ, որովհետեւ եթե ամեն ինչ ճիշտ էր արվում, ապա ինչո՞ւ  էր պետք Արսեն Թորոսյանին փոխել»,- նշեց Լուսինե Բադալյանը։

Իշխող ուժի պատգամավորը, ով հաճախ է Արսեն Թորոսյանի  գործունեությունը քննադատել, այժմ ենթադրում է, որ Թորոսյանին պաշտոնից ազատելը պայմանավորված է քաղաքական թիմի որոշման հետ եւ նպատակահարմար է գտնվել,  որ Թորոսյանն իր գործունեությունը պետք է շարունակի Կառավարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար։ 

Առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակումը միանշանակ չընդունվեց, դժգոհություններ են հնչում,  որ նա բժշկական կրթություն չունի, բացի այդ նրա ամուսինն ու Արսեն Թորոսյանը մտերիմ ընկերներ են եւ ունեն բիզնես շահեր։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանին կապակցված «Արմֆարմացիա» ընկերությունը հաղթում է պետական գնումներում եւ զբաղեցնում է մենաշնորհային դիրք․ արդյո՞ք սա չի կարող կաշկանդել նորանշանակ նախարարին իր գործունեության ընթացքում, Լուսինե Բադալյանն ընդգծում է՝ այդ խնդիրները նախկինում եւս եղել են, եւ հիմա որեւէ բան չի փոխվել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում