«Եթե թիմում կան տարաձայնություններ` դրանց պետք չէ բացասական վերաբերվել, ավելին՝ ես դրա մեջ դրականն եմ տեսնում։ Եթե բոլորս ունենանք մեկ կարծիք` կստացվի ընդունել միանձնյա որոշումներ և հաշվի չառնել այլ տեսակետներ, իսկ այս դեպքում նշանակում է կա պայքար, որը շատ լավ է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե իշխանական թիմում տարաձայնություններ կան։
Խոսելով իմքայլական պատգամավորի մանդատներից հրաժարվելու խոսակցությունների մասին` Բադալյանը նշեց՝ դժգոհություններ կան, բայց մանդատները վայր դնելու մասին կոնկրետ տեղեկություններ չունի․ «Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց դա չի էլ նշանակում, որ վայր եմ դնելու։ Մանդատը վայր դնում են այն դեպքում, երբ զգում են՝ այլևս օգտակար չեն կարող լինել և հնարավոր է, որ իրենից հետո եկողը շատ ավելի օգտակար լինի»,- ասաց նա։
Թեև պատգամավորի կարծիքով իրենց թիմում առկա տարակարծությունները դրական միտում ունեն, սակայն մենք նկատեցինք, որ նման տարաձայնության պատճառով Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց իր մանդատը, ապա այս դեպքում որքանո՞վ են այդ տարակարծությունները դրական. «Ես շատ սիրում, հարգում և հասկանում եմ Ջուլֆալակյանին։ Կարծում եմ՝ իր կողմից արված քայլի նպատակը սթափեցնելն էր ոչ միայն կառավարությանը, այլև բոլորիս, որպեսզի խնդիրները կարողանան լուծում ստանալ։ Նա անփոխարինելի պատգամավոր էր, որը մեծ դեր ուներ հատկապես սպորտի ոլորտում, և այս պահին չկա մեկը, որ կարող է փոխարինել նրան»,- նշեց նա։
Ըստ իմքայլական պատգամավորի՝ պայքարելը երբեմն և՛ թիմի, և՛ հասարակության կողմից ընկալվում է դեմ լինել թիմին։ Սակայն գտնում է, որ դա թյուրըմբռնում է և խնդիրների մասին բարձրաձայնելը ընդհակառակը՝ նշանակում է կողմ լինել թիմին, որպեսզի խնդիրները լուծվեն և դժգոհություններ չլինեն։ «Իմ դեպքում եղել են նման դեպքեր, հատկապես Առողջապահության նախարարության մի շարք որոշումների անհամատեղելիության արդյունքում։ Դրանք դեռ չեն լուծվել, բայց թեմաները չեն էլ փակվել։ Ի վերջո, պետք է գանք մի որոշման, որից չեն տուժի ոչ ոք։ Ամեն դեպքում ես պետք է շարունակեմ ներկայացնել բժշկական հանրույթի շահերը»,- ասաց Բադալյանը։
Անդրադառնալով վերջին իրադարձությանը, երբ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չշարունակել հիվանդանոցի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը և միայն երեկ՝ հանրության բողոքի ալիքից հետո, վարչապետը հրահանգեց նախարարին երկարաձգել նրա պայմանագիրը՝ Լուսինե Բադալյանը նշեց․ «Եթե յուրքանչյուր ոլորտում ունենայինք մեկ Սամվել Դանիելյան, ապա այսօր կլինեինք լրիվ ուրիշ հարթության վրա։ Կարծում եմ՝ նրա նման մասնագետին` անկախ տարիքից՝ լինի 20, թե 120 տարեկան, պետք է փայփայենք և հնարավորություն տանք աշխատել։ Կարծում եմ՝ սա շատ հապշտապ և չհաշվարկված որոշում է եղել, որը վերանայման կարիք ունի։ Անմտություն է բաց թողնել նման մասնագետին, որին, ի դեպ, հեղափոխությունից հետո մենք ենք հրավիրել և որին ուզում են իրենց մոտ տեսնել աշխարհի բոլոր առաջատար կլինիկաները։ Չգիտեմ, թե ինչու նախարարը լռեց, երևի վերլուծելով իրավիճակը՝ իր հոգու խորքում հասկացել է, որ կարելի է այլ լուծումներ գտնել։ Վարչապետը բազմաթիվ դիմումներ էր ստացել տարբեր բուժհաստատությունների կողմից և, հաշվի առնելով դրանք, ինքը արձագանքեց, ինչը ևս շատ ողջունելի է»,- նշեց Լուսինե Բադալյանը։