Օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի սպասված քաղաքական հետևանքների մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում խոսեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու ծեծկռտուքի գլխավոր դերակատարներից Սասուն Միքայելյանը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե վայր դնի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մակունցն անդրադարձավ նաև իմքայլական մյուս երկու պատգամավորներին, որոնք Մարուքյանին թիկունքից հարվածողներն էին, և նշեց, որ մանդատը վայր դնելու պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, բայց կրկին պայմանով, որ իրենց մանդատը վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը պատգամավոր Հրանտ Այվազյանից փորձեց ճշտել՝ որքան է հավանականությունը, որ ԼՀԿ պատգամավորները կընդունեն «Իմ քայլը»-ի պայմաններն ու ԱԺ-ում միանգամից վեց պատգամավորի հրաժարական կտեսնենք: Եվ չնայած երկու հայտարարություններն էլ արվել էին ԱԺ նիստերի դահլիճում հենց նիստի ընթացքում, այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ այդ հայտարարություններից: Հայտարարությունները բառացի մեջբերելուց հետո, պատգամավորին հարցրինք՝ ինչու են հնչեցվում հենց իր և Սարգիս Ալեքսանյանի անունները, և արդյոք եղել է նախնական զգուշացում կամ քննարկում այս թեմայի շրջանակում:
«Ես, իսկապես, տեղեկություն չունեմ՝ ինչի մասին եք ասում, բայց ենթադրում եմ, որ մեր անունները հնչեցվել են, որովհետև մենք ներկա ենք եղել ծեծկռուքին և փորձել ենք միջամտել ու պաշտպանել Մարուքյանին: Բայց չեմ հասկանում՝ էս ինչ պայմաններ են, ինչ անլրջություն է: Հիմա ես էլ կարող եմ ասել՝ մանդատս վայր կդնեմ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դա լո՞ւրջ կարող է համարվել»,- ասում է Այվազյանը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն չեք պատրաստվում մանդատը վայր դնել, պագամավորը պատասխանեց. «Մանդատս յուրաքանչյուր պահի կարող եմ վայր կդնել, և վայր կդնեմ, երբ ես կուզեմ, ոչ թե, երբ իրենք կհորդորեն կամ կպահանջնեն: Այս պահին ես նման որոշում չեմ կայացրել»,- եզրափակեց պատգամավորը: