«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին գրություն է հանձնել, որով հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը: Այդ մասին Պողոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:

 

«Շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաեւ նոր տրամադրվածությամբ»,- գրել է Պողոսյանը:

 

Ավելի վաղ վերջինս ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր մանդատը վայր դնելու որոշման մասին: Մասնավորապես, այդ ժամանակ պատգամավորը գրել էր. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին:

 

Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»: