Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության և արտերկրի հայրենակիցների աջակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է, որ արևմտյան երկրները ցանկանում են խարխլել ներքաղաքական կայունությունը մինչև 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրներն ունեն այլ պետությունների ներքին գործերին միջամտության տարբեր ձևեր՝ ներառյալ շանտաժը, սպառնալիքները և գունավոր հեղափոխությունների կազմակերպումը։
«Ուկրաինայում արյունալի հեղաշրջումը, որը հաջողվեց 2014 թվականին, փորձեցին կրկնել վեց տարի անց' Բելառուսում,բայց անհաջող։ Նրանք ակնհայտորեն սրանով կանգ չեն առնի, նրանք բացահայտ նպատակ են դրել խարխլել մեր երկրում ներքաղաքական կայունությունը՝ հատկապես հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համատեքստում»,- ասել է Լավրովը։