Թուրքիայի խորհրդարանի Քյոթահյայից ընտրված անկախ պատգամավոր Իդրիս Բալը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում երկրի վարչապետ Էրդողանի կառավարությանը մեղադրել է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցով Ադրբեջանին շանտաժի ենթարկելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Բալն ասել է, որ Թուրքիայի վարչապետը Բաքու կատարած այցին ճնշում է գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով Ադրբեջանում փակել Ֆեթուլլահ Գյուլենի բոլոր դպրոցները և իշխանական կառույցներից հեռացնել Գյուլենի գաղափարախոսության՝ նուրսիզմի հետևորդներին: Թուրք պատգամավորի խոսքով՝ Էրդողանը սպառնացել է, որ եթե Բաքուն չկատարի իր պահանջները, ապա կբացի Հայաստանի հետ Ալիջանի սահմանակետը:

 

Նա ասել է, որ օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը, հենց այդ է վկայում: Իդրիս Բալը պնդել է, թե Գյուլենի դպրոցները փակելու դիմաց, որոնք Ադրբեջանում «թուրքական դպրոցներ» են անվանում, Էրդողանը Բաքվին խոստացել է «ձեռք չտալ» Թուրքիայում ադրբեջանական ներդրումներին: Նա նաև հայտարարել է, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու համար Էրդողանը փորձում է օգտագործել «հայկական խաղաքարտը»:

 

Բալը հայտարարել է, որ երբ Էրդողանի գլխավորած՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը «կարգավորի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հարկ եղած դեպքում Էրդողանը կհրաժարվի Ադրբեջանում Գյուլենի դպրոցների փակման դիմաց տված խոստումներից, կբացի Ալիջանի սահմանակետը և կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»: