Այսօր 168.am-ը տեղեկություն տարածեց, որ Սահմանադրական դատարանի 2 դատավորի հանդեպ առաջիկա օրերին հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված դատավորների' նախկինում ունեցած արտամուսնական կապերի մասին, որոնցով փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ, եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն, անդրադառնալով վերոնշյալին, նկատեց՝ նախ Սահմանադրությամբ արգելվում է որևէ մեկի անձնական տվյալների գաղտնիության կանոնները խախտել. «Բացառում եմ, որ այդպիսի գործընթաց հնարավոր է իրականացվի, եթե իրականացվի դա կլինի Հայաստանի խայտառակությունը և այդ անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դա ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով արգելված արարք է, հետևաբար ով և ինչ մարմին ուզում է լինի, եթե այդպիսի բան արած լինի, ապա քրեորեն պատժելի արարք կլինի»,- ասաց նա:
Անդրաառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար, ինչպես նաև պարզվել է, որ դատավորների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում, նրանց տեղաշարժը ևս վերահսկվում է տեսանկարահանող սարքերով, փաստաբանը նշեց. «Գլխավոր դատախազը պարտավոր է հարուցել քրեական գործ պարզելու՝ արդյոք վարչապետը նման հրահանգ տվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ դա հանցագործություն է: Օրինական երկրներում նման հրահանգ չի կարող տրվել: Անձի նկատմամբ որոշակի հետախուզական գործողություններ կարող են իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ այն էլ կոնկրետ գործով»,- նշեց Նորիկյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքին, ապա փաստաբանը նշեց, որ այն չի համարում լավագույն միջոցը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար, ավելին՝ գտնում է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ մեկը, որ ստանա անաշխատ եկամուտ. «Փոխհատուցման հնարավորությունը, որով սույն թվականի հունվարի 31-ը լիզորությունները վայր դնելուց հետո ՍԴ անդամները ստանալու են որոշակի գումարներ թոշակի տեսքով, կստացվի, որ նրանք ուղղակի գումար են ստանալու հարկատուներիս հաշվին չաշխտելու արդյունքում: Սա արդարացի մոտցում չէ: Ես շարունակում եմ պնդել, որ միայն սահմանադրական փոփոխություններով կարելի է հասնել սահմանադրական բարեփոխումների: Ես գտնում եմ, որ եթե մինչև հունվարի 31-ը ՍԴ որևէ դատավոր չօգտվի այս հնարավորությունից ես կհամարեմ, որ այս օրենքի ճարտարապետները ուղղակի քաղաքական ֆիասկո են գրել և քաղաքական մեծամասնությունը կոպիտ սխալ է թույլ տվել այսպիսի օրենք շրջանառության մեջ դնելու համար»,- նշեց փաստաբանը:
Տեսակետներ կան, որ օրենքը հակասահմանադրական է և ունի քաղաքական դրդապատճառներ: Փաստաբանից հետարքրվեցինք, թե ինքն ի՞նչ կարծիքի է և ինչ նպատակ է հետապնդում օրենքը, Նորիկյանը պատասխանեց. «Նպատակը միանշանակ ՍԴ-ի գործող կազմին լիկվիդացնելն է: Հիմա ի՞նչ անենք, ջայլամի քաղաքականություն վարենք, ասենք չէ՞, խնդիրը Հրայր Թովմասյանի ու այլ անդամների լիկվիդացումը չէ՞: Ակնհայտ է, որ նման տրամադրվածություն կա»,- նշեց նա:
Սոնա Հարությունյան