Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել' հիմնված «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա»։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Թեմայի վերաբերյալ ԼՈւՐԵՐ. com-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։
«Բայրամովները չեն մեր խնդիրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանն է' իր իշխանությամբ, որը արդեն, դժբախտաբար, մի քանի անգամ հրապարակային ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց նա։ Շարմազանովի խոսքով' այն խաղաղության պայմանագիրը, որտեղ ներառված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը, չի կարող լավ հետևանքներ ունենալ։ 2007թ-ից սկսած' տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը եղել են հիմնարար սկզբունքները։
«Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած բանակցություն ու ցանկացած պայմանագիր չի բխում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերից»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ եթե Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա Բայրամովն էլ այդպիսի հայտարարություններ է անելու։
Շարմազանովի խոսքով' Ադրբեջանը ունի իշխանություն ՀՀ-ի տարածքում, որը սպասարկում է ոչ թե ՀՀ-ին, այլ' Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքիստական շահերը.
«Այն, որ Ադրբեջանը պետք է իր պետական ու ազգային շահերը առաջ տանի, ինչպես ցանկացած պետություն, դա պարզից էլ պարզ է, բայց Հայաստանի, Արցախի շահերը պաշտպանող չկա։
Ադրբեջանն էլ է Ադրբեջանի շահը պաշտպանում, Հայաստանն էլ է Ադրբեջանի շահը պաշտպանում»,-նման տեսակետ հայտնեց նա՝ նշելով, որ Հայաստանի ցանկացած կառավարիչ՝ անկախ նրանից ազգանունը կլինի Փաշինյան, Պողոսյան, Սարգսյան, Քոչարյան, թե Շարմազանով, եթե ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս՝ դավաճան է և թշնամի։