«Թուրքիան շարունակում է պնդել, որ իր սատարմամբ է Ադրբեջանը 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ հաղթանակ տարել և շարունակում է պնդել, որ ցանկացած դեպքում, նույնիսկ՝ ուժի կիրառման, նորից աջակցելու է Ադրբեջանին։

Հայաստանի իշխանությունները այդ ուղերձները հաշվի չեն առնում և շարունակում են իրենց այն քաղաքականությունը, որը մեր ժողովրդին կորուստներ է բերում` տարածքային և մարդկային առումով»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունիսի 28-ին տեղի է ունեցած հեռախոսազրույցին, որտեղ վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին՝ Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է վարչապետին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Աբրահամյանի խոսքով` Փաշինյանի շնորհավորանքը շատ տարօրինակ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև Թուրքիան է հովանավորում Ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի և Հայաստանի ուղղությամբ։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նույնիսկ թուրք-ադրբեջանական ագրեսիայի օրը, զանգում և շնորհավորական տեքստեր է հղում Թուրքիայի նախագահին։ Պետք է հասկանալ, որ իշխանության այն քաղաքական կուրսը, որը դրվել է դեռևս 2018թ-ից, որոշակի առումով չպետք է անակնկալի բերեր, որովհետև, հայաստանյան իշխանությունները պարզ ցույց են տվել, որ իրենց համար առաջնայինը հայկական շահը, Արցախին կամ Հայաստանին վերաբերող հարցերը չեն»։

Զրուցակցի խոսքով` երեք տասնամյակ միջազգային հանրությանը և առհասարակ իսլամական երկրներին ուղերձ է հասցվել առ այն, որ սա կրոնական պատերազմ չէ և մեր պահանջները որևէ կապ չունեն կրոնական հանգամանքի հետ։

«Հիմնախնդրի հիմքում արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է, որը բխում է նաև միջազգային իրավունքից և այն գործընթացներից, որոնք երեք տասնամյակ առաջ մեկնարկել են Արցախում․ դրանք բացառապես եղել են այդ ժամանակ գործող սովետական ԽՍՀՄ սահմանադրության և միջազգային օրենքի շրջանակներում»,-ասաց Աբրահամյանը և նշեց, որ վարչապետի վարած քաղաքականությունը եթե ճիշտ լիներ, ապա ինքը խորհրդարանական ընդդիմությանը չէր ներկայացնի։

«Ո՞նց կարող է այսպիսի քաղաքականությունը ճիշտ լինել, եթե դրա հետևանքը Արցախի մեծ մասի հանձնումն է, Արցախի շրջափակումը, ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, հազարավոր մեր հայրենակիցների նահատակվելը։ Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել այս հինգ տարվա ընթացքում՝ այս իշխանության օրոք, խոսում է նրա մասին, որ երկրում իշխանության ղեկը ստանձնել է մի ուժ, որը երկիրը տարել է տապալման, քաոսի և դժոխքի ճանապարհով»,-ասաց նա։