Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այսօր զրուցել է լրագրողների հետ, եւ նույնիսկ բանավոր նախադասություններ է կազմել, եւ ավելին, մեկնաբանություններ է արել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ «Տարոնը ինձ համար անձ չէ, նա համակարգի խամաճիկն է»՝ Տարոն Մարգարյանն այսպիսի նախադասություն էր կազմել. «Ամեն մարդ, որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մեկնաբանում Տարոն Մարգարյանի այս հայտարարությունը:

«Հանգիստ նայեք այդ ամենին: Նախագահ Տեր-Պետրոսյանի ֆոնին արդեն 20 տարուց ավել զանազան «քաղաքական» մոծակներ ու մակաբույծեր փորձում են կայանալ: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նման «քաղաքական», իսկ տվյալ պարագայում նաև՝ քրեական մակաբույծերը բավականին արագ վերանում են ասպարեզից: Այդպես կլինի նաև այս պարագայում: Չզարմանաք, բայց հանրապետականի Տարոնի պատասխանում ես մի դրական բան եմ հայտնաբերել: Այն, որ նա կարողանում է պարզ, համադասական նախադասություններ կազմել բաձրաձայն: Ես շատ ուրախ եմ, որովհետև մենք հնարավորություն կունենանք հանրապետականի Տարոնից մասնավորապես իմանալ, թե ինչպես է նա, պետական պաշտոն զբացեղնելով տիրացել միլիոնավոր դոլարի կարողության, ինչն էլ նշել է իր հայտարարագրում: Այս պարագայում պարզ, համադասական նախադասություն արտաբերել չկարողանալն այլևս չի կարող դիտվել որպես արդարացում»: