Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ առկա իրավիճակը, վտանգներն ու ակնկալիքները ներկայացվել են ՀՀ ու ՌԴ իշխանություններին, միջազգային դերակատարներին:
 
Արայիկ Հարությունյանն ասել է նաև, որ Արցախը պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու կարգավորել բոլոր հիմնախնդիրները։ 
 
ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ասաց` վերջերս Արայիկ Հարությունյանը, մի տեսակ, անհասկանալի հայտարարություններ է անում, որոնք իրենց հետ չեն էլ քննարկվում։
 
Զրուցակցի խոսքով` այս ինֆորմացիան ստացել է մամուլից, որովհետև, ինչպես ինքն է նշում, վերջին նիստը, որը տեղի է ունեցել հունիսի 29-ին` ԱԺ-ում, ներկա էր նաև երկրի նախագահը և նա որևէ նման նպատակների մասին չի խոսել․
 
«Երկրի նախագահի այդ պահվածքը ինձ համար շատ տարօրինակ էր։ Ինձ համար ձևակերպումն էլ հասկանալի չէ՝ ինչ քաղաքակիրթ երկխոսության մասին է խոսքը։ Ցանկացած ձևաչափ, եթե դա երկխոսության մասին է, ըստ իս, Արցախի համար ծուղակ է, որովհետև չի կարող լինել նման թշնամու հետ ուղղակի երկխոսություն, որը նույնիսկ եռակողմ հայտարարության տակ դրած իր ստորագրությունը չի հարգում։ Դա կլինի երկխոսություն, թե մեկ այլ ձևաչափ, Ադրբեջանը ներկայացնում է իր միակ օրակարգը` այն է Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ինչը իրենք անվանում են ինտեգրում, որը, բնականաբար, չի կարող ընդունելի լինել Արցախի որևէ սթափ քաղաքական ուժի կողմից և Արցախի ժողովրդի կողմից»,- ասաց նա։
 
Այն հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի և արցախահայության շահերը և պահանջները համընկնում են, Հակոբյանը պատասխանեց.
 
«Ես չեմ կարող ասել՝ ինչպիսին են Արայիկ Հարությունյանի շահերը։ Դատելով իր երբեմնի պաթոսախառն, պոպուլիզմով հագեցած հայտարարություններից և ուղերձներից՝ հայրենասիրության պակաս չկա իր խոսքում, սակայն, արդեն երեք տարի է՝ մենք չենք տեսնում դրա գոնե մի մասը, որը վերածվել է գործի, որովհետև թիվ մեկ գործը, որ պետք է աներ Արցախի նախագահը, դա հակադրվելն էր Հայաստանի իշխանությունների ներկայիս վարած քաղաքականությանը, որը առ այսօր մենք չենք տեսել, հակառակը, առիթ-անառիթ շեշտում է իրենց համագործակցության մասին։ Արցախի ժողովուրդը մեկ շահ ունի՝ դա Արցախի փրկությունն է»,-ասաց նա։
 
 
 
Լիլիթ Զալիբեկյան