«Ներկայումս մեր հարաբերությունները զարգանում են բավական բարդ պայմաններում, և այդ բարդությունը վերաբերում է նաև նրան, որ Ռուսաստանը յուրովի անվտանգային խնդիրների է առնչվում, Հայաստանը յուրովի: Բայց մենք տեսնում ենք, որ այդ պայմաններում անգամ հայ-ռուսական հարաբերությունները հիմնական առումով զարգանում են և ավելին՝ փոխընկալման հիմնախնդիրները ծագում են նաև այդ անվտանգային իրավիճակներից», - այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե այս ճգնաժամային փուլում, երբ Ռուսաստանը ևս պատերազմի մեջ է որքանո՞վ այդ հանգամանքը կազդի Ռուսաստանի կողմից Հայաստանին պատշաճ աջակցություն ցուցաբերելու վրա:
«Կարծում եմ, որ թե Հայաստանը, թե Ռուսաստանը ունեն ընկալում, որ միջպետական ռազմաքաղաքական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը երկուստեք կօգնի հաղթահարելու այս իրավիճակը: Չեմ կարծում, թե հայ֊ռուսական հարաբերությունների ռազմաքաղաքական օտարացում տեղի կունենա այդ պատճառով», - նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ եթե այնպես ստացվի, որ ՀՀ իշխանությունները բռնեն Արևմուտքի թևը, ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կունենա ռուսաստանաբնակ հայերի վրա, ապա Նավոյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է վարի հայաստանակենտրոն քաղաքականություն և Հայաստանի ուժն ու հմայքը ՌԴ֊ի հետ հարաբերություններում Ռուսաստանի մոտ արժանապատիվ ընկալման իմաստով կայանում է հենց դրանով։ Հայաստանի կամ Հայաստանի քաղաքական դաշտի հայաստանակենտրոն լինելն է նաև այն հենքը, որի վրա հնարավոր է կառուցել հայ֊ռուսական միջպետական արժանապատիվ հարաբերություններ։ Ինչո՞ւ, որովհետև համարում եմ, որ Հայաստանի ազգային շահերը և Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են։ Ի վերջո դա արտացոլված և ձևակերպված է ռազմաքաղաքական ոլորտում տասնյակ համաձայնագրերով, որոնք հայտնի են», - ասաց Յուրի Նավոյանը: