Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետը շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման առիթով և նշել. «Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում, պատկանում են երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է։

Մյուս կողմից, իհարկե, դա այդ մարդկանց համար շատ ուրիշ բարդություններ է ստեղծում, որովհետև նման մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ սերունդը, ով ոգեշնչվել է, սովոր են, մոտավորապես, սրբացնել, կատարյալ դարձնել, իսկ ոչ մի մարդ էլ կատարյալ չէ, և ամեն սովորական մարդկային շարժում կարող է խնդիր առաջացնել այդ առումով։ Ուրախ եմ, որ այսօր այսպիսի առիթով ենք հավաքված, որտեղ նաև ընդգծում ենք, որ մենք արժեքները չենք մոռանում, մարդկանց, նրանց վաստակը և ներդրումը չենք մոռանում»։

Վարչապետի խոսքով՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել: «Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել' Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա։

Բայց ես նաև ուզում եմ ասել, որ այս պրոցեսն առաջին հերթին գնահատանք է մեր մեծանուն մարզիկների վաստակին և Հայաստանին բերած համբավին, մյուս կողմից էլ՝ սա սպորտի մասսայականացման կարևոր գործիք է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն, հատկապես, այստեղ, որովհետև այդ անունը, ժառանգությունը, մթոնոլորտն իր հետ շատ բան կբերի։

«Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան է իրականացրել այս ծրագիրը՝ Կառավարության աջակցությամբ, և մենք այս գործընթացը կշարունակենք: Շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի գնահատանքի խոսք ասելու առիթ ունեմ Ձեզ, որովհետև գիտեմ և հիշում եմ, որ Ձեր ֆուտբոլային կարիերան էլ հեշտ չի եղել, ինչքան փառք է եղել, այդքան էլ բարդություններ, դժվարություններ, խնդիրներ են եղել։

Շատ ուրախ եմ, որ և՛ խորհրդային շրջանում, և՛ խորհրդային շրջանից հետո այդ բարդ ճանապարհն անցնելով՝ եկել հասել ենք այս հանգրվանին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս դպրոցից ինչ ակնկալիքներ են ձևավորվելու, թե ի՞նչ ֆուտբոլիստներ պետք է դուրս գան։ Իհարկե, աստղային մտասևեռումն այդքան էլ լավ բան չէ, որովհետև, առաջին հերթին, կարևոր է, որ մեր երեխաները սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն ունենան։ Առաջին հերթին, առողջ ապրելակերպը, մարզական ապրելակերպը հնարավորինս շատ տարածվի, բայց մյուս կողմից, երբ դա իրական ծավալներ ունենա երկրում, ինչպես ասում են, հաճելին օգտակարի հետ կհամատեղվի։

Որքան զանգվածային լինի սպորտը, այդքան ավելի շատ աստղեր ունենալու հնարավորություն կունենանք: Իսկ որ մենք դա ունենում ենք, կարծում եմ, այս լսարանում դա բացատրելու և ապացուցելու կարիք չկա, որովհետև այստեղ ներկա են մարդիկ, ովքեր ապացուցել են, որ սեփական աշխատանքով կարող են հասնել հաջողությունների: Համոզված եմ, և այստեղ ներկա մարդիկ դրա մասին են խոսում, որ տաղանդը, աշխատասիրությունն ինքն է ամենամեծ հովանավորը և ամենամեծ ծանոթը։ Հակառակը՝ տաղանդի և աշխատասիրության հաղթանակը բերում է նրան, որ մարդիկ հերթ կանգնեն, թե ինչով օգտակար լինեն»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Խորեն Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի՝ ինքը նման պայմաններում մարզվելու հնարավորություն երբեք չի ունեցել: «Շատ կարևոր է, որ սա նաև մտածողության փոփոխություն բերի, իր հետ բերի նոր մտածողություն: Ֆուտբոլում այսօր ամենակարևոր և սպորտում ավելի ու ավելի կարևոր է լինում արդար խաղը, արդար մրցակցությունը։ Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում հուշել, որ այն, ինչ մենք տեսնում ենք մարզահարթակի վրա, իրականում այն չէ, ինչ տեղի է ունենում: Դա սուտ է:

Իրականում դա է, որ տեղի է ունենում, այլ բան, որ ենթակառուցվածքային հարցերը, մթնոլորտը, սկսած՝ սննդակարգից, վերջացրած մարզչական ծրագրերից և որակավորումներից, դրանք են որոշում: Որովհետև իսկ ո՞վ է ասել, որ աշխարհը երազել է, որ մեր չեմպիոնները դառնան չեմպիոն: Իրենք են որոշել, իրենք ունեցել են նպատակ, շատ բան են զոհել այս նպատակին հասնելու համար և հասել են այդ նպատակին: Այս մարդկանց փառքը տեսնում են, փառաբանում են և գովում են և նրանց թվում է, թե այդ 3 րոպեն է կամ այդ 15 րոպեն: Այդ 15 րոպեի հետևում տասնյակ տարիների տառապանքներ են, սկսած՝ ընկերների, ընտանիքի հետ շփումների սահմանափակումներից, և այդպես շարունակ: Դա պետք է կարողանալ անել, բայց դա զոհողություն է, որ իմ պատկերացմամբ, մարդիկ անում են հանուն ժողովրդի, հանուն պետության, հանուն պետականության, հանուն դրոշի, որովհետև մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն վայրկյանին, երբ բարձրանալու է Հայաստանի Հանրապետության դրոշը և հնչելու է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:

Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ: