«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։ Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած կայքի աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։ Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է:
Մի հարսանիք էլ է տեղի ունեցել այս օրերին՝ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր աղջիկն ամուսնացել է քրեական հեղինակություն համարվող Արամ Խռանյանի՝ Արամչոյի որդու հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքը կազմակերպելու համար պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Փաստորեն, այն, ինչ կարելի է Փաշինյանի մերձավորներին, չի կարելի մյուսներին։
«Հրապարակ»-ը կապ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ եւ խնդրել մեկնաբանել Արտակարգ դրության պայմաններում իր եղբոր դստեր հարսանիքի փաստը։ Նա հաստատեց, որ հարսանիքը եղել է, կայացել է շաբաթ օրը, բայց հերքեց, որ միջոցառմանը վարչապետն էլ է մասնակցել։ «Ոչ, մասնակցել են նեղ բարեկամներ՝ մի քանի հոգու կարգի, ոչ՝ ավել»,-ասաց Ղալումյանը։ Ապա հավելեց․ «Վարչապետը ներկա չի եղել, վարչապետը էդ օրը Սիսիան ա եղել։ Վարչապետի էջում էլ ահագին նյութեր կան, տեսանյութեր, որ ինքը Սիսիան ա»։ Սակայն վարչապետը Սիսիանի զորամաս այցելել է օգոստոսի 10-ին, գոնե այդպես է գրված պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ իջեւանյան հարսանիքը կայացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին։ Եւ հարց է ծագում՝ ինչու են գաղտնի պահել հարսանիքի փաստը, եթե ընդամենը «մի քանի հոգի է մասնակցել» եւ Արտակարգ դրության ռեժիմի խախտում չկա։
Պատգամավոր Ղալումյանն ասում է. «Երաժշտություն չի եղել, իմ ընկերներից չեն եղել, մեր ընտանիքն է եղել, մեկ էլ փեսայի ընտանիքը, նշել ենք մեր ռեստորանում»։ Ասացիք՝ 20 հոգուց ավելի չե՞ն եղել։ «Չէ․․․ հնարավոր է՝ մի քանի հոգի՝ 34 հոգի, տենց, մանրամասն չեմ հիշում, գիտեմ, որ երեք, թե չորս հատ փոքր սեղան ա եղել»,- ասաց Վահե Ղալումյանը։