Ալիևը փորձում է փոխել ոչ միայն Արցախի խնդրի բովանդակությունը, այլև ողջ տարածաշրջանի հեռանկարը։ Նրա քայլերը ստիպում են մտածել, որ դրվում է Հարավային Կովկասում հայկական պետականությունների վերացման խնդիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Դա ենթադրում է քայլերի և տեխնոլոգիաների մեծ փաթեթ՝ շրջափակում, էթնիկ զտում, ՀՀ-ում հարմար իշխանություններ և քաղաքական ուժեր ունենալը, ազգային արժանապատվության ստորացում, առանձին անհատների չեզոքացում, սփյուռքի և ՀՀ-ի տարանջատում, իրենց համար շահավետ կոմունիկացիաների ստացում, ջրային և այլ ռեսուրսների վրա վերահսկողություն, հայկական զինված ուժերի վերականգնմանը խոչընդոտում, պարտվողական և հանձնված հոգեվիճակի ձևավորում և այլն, և այլն։
Մեր գլոբալ խնդիրը Արցախի հարցի, տարածաշրջանի գծվող ճարտարապետության մեր հստակ բովանդակությունը ձևակերպելն է։ Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն՝ նույնիսկ նրա դեմ պայքարելիս, և միջազգային հանրությանն էլ մեր պահվածքով «քարշ տալիս» դեպի Ալիևի պարտադրած բովանդակություն։
Եթե մենք չդնենք մեր հստակ բովանդակությունը, անհնար կլինի ներքին կոնսոլիդացիա ապահովել և հասկանալի լինել արտաքին աշխարհի համար՝ միջնորդների, պոտենցիալ դաշնակիցների, և բարյացակամ հարևանների։
Ռուբեն Վարդանյանի ձևակերպումը շատ դիպուկ էր. «Այս բլոկադան զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի»։
Վագիֆ Խաչատրյանի դեպքը մեկ անձի առևանգման մասին չէ, Երասխում կառուցվող գործարանի վրա կրակելը սահմանային միջադեպի մասին չէ։ Եվ այլն։
Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր հարցերի շուրջ մե´ր սկզբունքային մոտեցումը ձևակերպել։
Սա առաջին հերթին իհարկե իշխանության գործն էր, բայց իշխանությունը լրիվ հակառակն է անում՝ շարժվելով Ալիևի ցանկություններով։ Սա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը, բայց արդեն հասկանալի է, որ ակնկալիքներ չկան։ Բայց սա պե´տք է արվի, ու դրա համար նոր ձևաչափեր, որոշումներ կայացնող նոր սենյակներ են պետք։
Մոտեցումների հստակ ձևակերպմանը կհաջորդի այդ ուղղությամբ քայլերի հստակ ցանկը՝ ամեն մեկիս, հազարավոր մարդկանց և կառույցների (ինստիտուտների) անելիքը։ Հակառակ դեպքում մենք այդպես էլ չենք հասկանա՝ ինչ-որ բան ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, ու անվերջ անիմաստ կվիճենք իրար հետ։
Մենք մեզ և աշխարհի համար պետք է ձևակերպենք՝ ի´նչ է Արցախի խնդիրը, որ կարողանանք ընդունելի լուծումներ գտնել, մենք պետք է ձևակերպենք, թե ի´նչ է մեզ համար տարածաշրջանային կայունությունը և հաղորդակցությունը, որ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է, չդառնանք «միջանցք տալու կամ չտալու» թակարդի գերին։
Այս պահին հայ ժողովրդի համար ոչ ոք չի ձևակերպել իր նպատակը՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապրել սեփական հողում՝ Հայաստանում և Արցախում։ Հայաստանի նոր լիդերության խնդիրը այս պարզ, բայց ամենակարևոր նպատակը ձևակերպելն է»։