ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակիցներին հղած ուղերձում հայտարարել է, որ երեք քրեական գործերով իրեն ընդհանուր առմամբ 561 տարվա բանտարկություն է սպառնում։
«Ծուռ Ջոյի (Թրամփն այսպես է անվանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին) կոռումպացված արդարադատության նախարարությունը նորից անօրինաբար իմ դեմ մեղադրանքներ է հարուցել։ Ըստ առկա տվյալների՝ ինձ սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա բանտարկություն ձախերի հայտարարած վհուկորսի պատճառով։ Էլի վեց կյանք։ Բայց նա, ով փորձում է մեկ այլ մարդու բանտ ուղարել վեց կյանք ժամկետով, բոլորին ցույց է տալիս, որ ինքը վախենում է»,- գրել է նախկին նախագահն իր ընտրական շտաբի տարածած ուղերձում։
Թրամփը իր կողմնակիցներին կոչ է արել իր հետ միասին «խաղաղ ընդդիմանալ այն բանին, որ Ամերիկան գլորվում է բռնապետության գիրկը», եւ առաջարկել է նվիրատվություններ անել իր ընտրարշավի համար, ինչը սովորական բան է ԱՄՆ-ում քաղաքական ելույթների ժամանակ։ «Բայց եթե դուք նյութական խնդիրներ ունեք Ծուռ Ջոյի եւ Վաշինգտոնի ճահճաբնակների քաղաքականության պատճառով, ապա անգամ մի մտածեք ինչ-որ բան նվիրաբերելու մասին»,- ավելացրել է նա։
Երեքշաբթի Թրամփին մեղադրանքներ են ներկայացվել նրա կողմնակիցների կողմից 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ գրոհի գործով։ Ավելի վաղ նրան ներկայացվել էին ֆինանսական խարդախությունների եւ գաղտնի փաստաթղթերի հետ պատշաճ չվարվելու մեղադրանքներ։