Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը «հնգօրյա պատերազմի» մեկնարկի տարեդարձի կապակցությամբ Telegram-ի ալիքում հրապարակել է գրառում, որում համեմատություն է տարել վրաց-հարավօսական հակամարտության՝ Ռուսաստանի մասնակցության և Ռուսաստանի՝ Ուկրաինայում «ռազմական գործողության» միջև։ 2008 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դմիտրի Մեդվեդևն էր, ով օգոստոսի 8-ին հայտարարեց Հարավային Օսիայի հակամարտության գոտում խաղաղության հաստատման գործողություն սկսելու մասին, գրում է Kommersant-ը։
«Ապուշ Սահակաշվիլիի (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի-խմբ.) թիկունքում կանգնած էր կոլեկտիվ Արևմուտքը, որն արդեն այն ժամանակ փորձում էր լարել իրավիճակը Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում։ Մեր զինված ուժերը պաշտպանեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում ապրող մեր ժողովրդին թշնամուց»,- գրել է նա։
Դմիտրի Մեդվեդևի խոսքով, 2008 թվականին «ԱՄՆ-ն ու նրա վասալները ակնհայտորեն փորձի պակաս ունեին»։ Սակայն այժմ «նրանք կրկին հանցավոր պատերազմ են մղում վստահված անձի հետ՝ փորձելով ջնջել Ռուսաստանին աշխարհի երեսից»։
«ՆԱՏՕ-ի ողջ համակարգը գործնականում բացահայտ պայքարում է մեր դեմ։ Մենք բավականաչափ ուժ ունենք հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները լուծելու համար։ Ինչպես 2008 թվականի օգոստոսին, այնպես էլ հիմա մեր թշնամիները կջախջախվեն, և Ռուսաստանը խաղաղության կհասնի իր պայմաններով»,- հավելել է նա։
Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ 2004-2013 թվականներին: 2008 թվականի օգոստոսի 8-ին նա հրաման տվեց զորքեր մտցնել անջատված Հարավային Օսիայի տարածք։ Ի պատասխան՝ Ռուսաստանը ռազմական գործողություն սկսեց Վրաստանի դեմ, որը տևեց հինգ օր։