ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Գ. Հ.-ն Ս. Դ.-ի հետ համաձայնեցված միջոցներ է ձեռնարկել, որոնց արդյունքում Երևանում բնակվող Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ այդպիսով ընդգրկվելով Ս. Դ.-ի ղեկավարած զորակոչի բաժանմունքի սպասարկման տարածքում:
Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնատար անձ Ս. Դ.-ն, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 887 հազար ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք:
ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը 02.08.2023 թվականին ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանք է ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: