Չնայած այն հանգամանքին, որ ՔՊ-ական պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում պատեհ և անպատեհ իրենց հայրենասիրությունից խոսելու համար, երբ գալիս է այդ հայրենասիրությունը գործով հաստատելու ժամանակը՝ իրականությունը լրիվ այլ է լինում:
Դիցուք, երեկ սահմանին կրկին բախումներ էին, Սոթքի հատվածում թշնամու արձակած կրակից զոհեր և վիրավորներ ունեինք, սակայն, արի ու տես, որ դա չխանգարեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին մեծ շուքով համերգ կազմակերպել:
Նման ցինիկ պահվածքը բնավ էլ առաջին դեպքը չէ: Արցախում մեր հայրենակիցները մատնված են սովի, իսկ ահա ՔՊ-ականները տժժում են համերգներում և ռեստորաններում: Դիցուք՝ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը չի ցանկանում խոսել Արցախի մասին, իսկ ահա Կարապի լճում համերգ վայելելը, կարծես թե, հենց նրա սրտով է։
Սահմանակետերում ապօրինի առևանգվող հայ երիտասարդների և նրանց ընտանիքների դժբախտության ֆոնին քեֆ-ուրախության է մատնված Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը:
ԱԺ այն ժամանակվա փոխխոսնակ Լենա Նազարյանը կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 25-ին, իր ֆեյսբուքյան էջով տարածում էր Փաշինյանի աջակիցների՝ սեռական հայհոյանք և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը` ուղղված, իհարկե, Փաշինյանի ընդդիմախոսներին:
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։
Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։
Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ով այսօր ստեղծված իրավիճակում ի պաշտոնե պետք է հանդիպումներ ունենար կամ առնվազն նամակներ հղեր իր արտասահմանյան գործընկերներին և միջազգային կառույցներին՝ իր ծովափնյա հանգստն էր վայելում։
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Աշոտ Մնացականյանը գերի ընկնելու վերաբերյալ ծաղրական գրառում էր կատարել Ֆեյսբուքում: Գրառման մեջ վերջինս նշել էր. «Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու»:
Ահա այսպիսին է ՔՊ-ական պաշտոնյաների հայրենասիրության իրական մակարդակը և ցինիզմի իրական մակարդակը, երբ հայրենիքի և Արցախի համար բաժակաճառեր ասողները անգամ տարրական հանդեպ չեն դրսևորում սեփական ժողովրդի և նրա ցավերի հանդեպ...