ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ «Բեսպրեդելի» ավարտը նա տեսնում է նրանում, որ նույն տավուշցիները պետք է ուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է և ասեն «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք»:

 

 

Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում, որ 50 մետր այն կողմ կանգնած ադրբեջանցին հանգիստ կարող է անել այն, ինչ արեց Արցախում՝ էթնիկ զտման ենթարկելով և դատարկելով սահմանամերձ գյուղերը: Հիշեցնենք, որ ի տարբերություն Փաշինյանի խաղաղասիրության՝ ադրբեջանցիների ռազմատենչ ու սպառնալից հռետորաբանությունը չի թուլանում:

 

Վարչապետի թիմակիցներն էլ են գտնում, որ հայի համար որովայնը լցնելը շատ ավելի կարևոր է, քան անվտանգությունը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ուրախ է այն մտքից, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում կկարողանանք այս երկրի հետ առևտուր անել:

 

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ հանրությանը ավետել է, որ խաղաղության դարաշրջանի բացումից հետո Ադրբեջանից գազ կգնի, բենզինն էլ ավելի էժան կներկրվի:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ դեռ պատգամավոր եղած ժամանակ բոլորիս համոզում էր, որ  հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման և մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:

Ակնհայտ է, որ ՔՊ-ականները, երկրի անվտանգային խնդիրները թողած, զբաղված են հանրությանը համոզելով, որ ոչինչ, եթե մի կողմ դնեք ձեր համոզմունքներն ու ազգային պատիվը՝ կարևորն էժան լոլիկ ու բենզին կստանաք: Արդյո՞ք սա է ՔՊ-ականների պատկերացումը ժողջանի մասին, արդյո՞ք նրանք վստահ են, որ կարող են ռազմագերու կամ զոհված հերոսի ծնողին համոզել մոռանալ ու ուրանալ ամեն ինչ՝ հանուն կուշտ որովայնի: Իհարկե, ո՛չ: Հանրության եռացող դժգոհությունն ընթացիկ պրոցեսներից ապացուցում է, որ մեծամասնությունը չի պատրաստվում փոխարինել երկրի անվտանգությունը կուշտ փորի հետ: