ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին: «Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է: Խոսքը վերաբերում է բազմակի օգտագործման տարաների հարկման ռեժիմին: Հաճախակի փոփոխությունը և տեղային լուծումը բերում է նրան, որ սպասվում են ոչ արդյունավետ լուծումներ: Մենք առաջարկում ենք, որ տարաները հարկվեն ավելացված արժեքի հարկով, որ ունենանք արդար հարկման համակարգ: Միակ բանը, որ համաձայն ենք այն է, որ չի կարելի թույլ տալ, որ նույն տարան երկու անգամ հարկվի, այդ հարցով քննարկումներ ենք անցկացնում»,- ասաց Ջանջուղազյանը:
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այժմ կառավարությունը պատրաստում է հարկային օրենսգրքում էական և լուրջ փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական միջավայրի բարելավումը: «Աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պետք է բոլոր մտահոգությունները հաշվի առնի: Քանի որ մինչև աշուն պետք է աշխատենք այդ փոփոխությունների վրա, լավ կլինի առաջարկների հոսք ապահովել, որպեսզի փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային: Այսինքն` ոչ թե մի խմբով փակվում ենք մի սենյակում և նախագիծ ստեղծում, այլ փորձենք շահագրգիռ կողմերին ներգրավել»,- ասաց վարչապետը: