Այսօր համացանցում տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դպրոցներից մեկին տեղյակ էր պահել ՔՊ նախատեսվող հավաքի մասին; Դժվար է ասել՝ նոր է արված այդ ձայնագրությունը, թե խոսքը ամիսներ առաջվա իրադարձություններին է վերաբերվում: Մի բան ակնհայտ է՝ Սյունիքի մարզպետն, ամեն դեպքում, չի խորշում վարչական լծակներ գործի դնելուց: Իհարկե, ձայնագրությունից չի բխում, որ առկա էր պարտավորություն կամ ճնշում, սակայն դպրոցը և մյուս պետական հաստատություններն ընդհանրապես չպետք է ներքաշվեն քաղաքական պրոցեսների, այն էլ՝ նախընտրական հավաքների մեջ: Հատկապես, երբ խոսքը գնում է անչափահասների մասին: Հավաքին ներկայանալը վերջիններիս կամքին թողնելը, իհարկե, ընդամենը ֆիկցիա է, բոլորն էլ հասկանում են, որ աշակերտն ու ծնողը կանեն այն, ինչ կհուշի և կհորդորի դպրոցի տնօրինությունը, այն պարզ պատճառով, որպեսզի վերջիններիս հետ հարաբերությունները չփչանան, դա էլ իր հերթին ազդեցություն չունենա աշակերտի ստացած գնահատականի վրա:
Մելիքսեթ Պողոսյանը, սակայն, լավ կյանքից չէ, որ նման հորդորներ է շռայլում: Բանն այն է, որ մարզպետի աթոռի համար այս օրերին ՔՊ-ի ներսում թեժ պայքար է ընթանում, և հողը Պողոսյանի ոտքի տակից, կարելի է ասել, գնում է: Մարզպետի աթոռի վրա աչք ունի ևս մեկ ՔՊ-ական, Սյունիքից պատգամավոր ընտրված Արմեն Խաչատրյանը: Մամուլը օրեր առաջ գրել էր, որ «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը «նվաճելու» դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ-ական թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և նրա կողմնակիցներին։
Գորիսում էլ այս երկուսի հարաբերությունները հարթ չեն: Գորիսում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս է գրել, ապա ջնջել:
Եվ ինչ է մնում Պողոսյանին, եթե ոչ ամեն գնով շահել Փաշինյանի սիրտը, թերևս՝ ոչինչ: