Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների վայրագություններին:
Կայքը գրում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Արդբեջանը ռազմակալեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական համացանցային տիրույթում աստիճանաբար սկսեցին հայտնվել ադրբեջանցի զինվորների տարաբնույթ գործողությունները ցուցադրող տասնյակ տեսանյութեր, որոնք գնալով ավելի են շատանում:
2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները տեղահանել և ոչնչացման նպատակով տեղափոխում են Բռիեղցի վանք և Հարավ գյուղ տանող ճանապարհների ցուցանակները: Ադրբեջանական լրատվականները այս տեսանյութը մեկնաբանում են որպես անջատողականությունը ցուցադրող կեղծ տեղանունների ոչնչացում:
Համացանցում նաև տարածվում են զինտեխնիկայի միջոցով բնակավայրերի անվանումը ցուցադրող ցուցանակների ոչնչացումը: Տվյալ պարագայում Ադրբեջանի համար անջատողական, կեղծ են հանդես գալիս Արցախի բնիկ տեղանունները և դրանց ցուցադրական ոչնչացումը, տապալումը և անհանդուրժողական մեկնաբանությունները խոսում են Արցախի բնիկ, հայկական ինքնությունը ոչնչացնելու մասին»։