«Հրապարակ»

Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս օրերին արդեն հասցրել են շուրջ 67 հազար արցախցու օգնություն ցուցաբերել, սակայն իր ստեղծած կամավորական ջոկատը բացառում է բոլոր տեսակի դրամահավաքները: Օգնություններ տրամադրում են սննդամթերքի, հիգիենայի պարագաների, խաղալիքների եւ հագուստի տեսքով, ինչպես նաեւ բռնի տեղահանված արցախցիների համար բնակարաններ են գտնում, հյուրանոցներում տեղեր:

Դերասանուհին փաստում է, որ այս պահին որևէ նոր գրանցում չեն իրականացնում, որպեսզի կարողանան արդեն իսկ գրանցված արցախահայերին օգնություն ցուցաբերել, հետ նոր միայն կցուցակագրեն նոր արցախցիների: Դերասանուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս անցնելով կամավորական ջակոտի տարածքով և տեսնելով կամավորականների աշխատանքը հեգնել է նրանց ու ռեպլիկ խփել, ասելով' «մի սրանց տեսեք, իբր բարեգործություն են անում»:

Դերասանուհին մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը ներկա չի եղել միջադեպին, հակառակ դեպքում Հարությունյանն անպայման իրեն արժանի պատասխանն էր ստանալու. «Անցնելով մեր կամավորականների կողքով՝ այդ մարդը հեգնել է մեզ, ասելով՝ իբր բարեգործություն են անում: Ես, ափսոս, ներկա չեմ եղել այդտեղ, թե չէ մի երկու քաղցր խոսք նա հաստատ կստանար», - նշում է դերասանուհին: