ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի:

Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների.

1.Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:

2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝

· արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ.

· առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ.

· այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

Կրթաթոշակների առավելագույն չափերը հաստատվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սահմանված վարձավճարների արժեքների հիման վրա:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում:

Պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում նաև ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողների համար, որոնք կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը տեղափոխվել ցանկում ներառված նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ: