Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Պատճառը «հանդիպումն ընդունելու նախապատրաստական աշխատանքների համար անբավարար ժամանակն է»։
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Չնայած ընթացքի դանդաղությանը՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ասել է Կլաարը:
Տեղեկությունն X-ի իր միկրոբլոգում հաստատել է նաև ադրբեջանցի վերլուծաբան Ֆուադ Շահբազովը։
«Ըստ Տոյվո Կլաարի՝ հոկտեմբերի վերջին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ծրագրված հանդիպումը չի կայանա՝ նկատի ունենալով «բարձր մակարդակի հանդիպումն ընդունելու նախապատրաստական աշխատանքների համար անբավարար ժամանակը»,-գրել է վերլուծաբանը։