Ինչպես գիտենք՝ սեպտեմբերին Երևանում կայանալիք ռեփեր Սնուփ Դոգի համերգն անորոշ ժամանակով հետաձգվել էր, այդ մասին հայտնել էր համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Համերգի անցկացման համար նախատեսված 6 միլիոն դոլարը կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրել էր որպես դրամաշնորհ։ Ընդ որում, ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր օգոստոսի 18-ին՝ կառավարության որոշման ընդունումից 1 շաբաթ անց, իսկ մինչ այդ կառավարության պատվիրած մշակութային միջոցառումների փորձից ենթադրվում էր, որ պիտի օգտվեին մեկ անձից գնման եղանակից։
Մեկ անձից գնումը խնդրահարույց էր, հարկատուների հաշվին մասնավոր ընկերությանը դրամաշնորհ տրամադրելը՝ ոչ պակաս: Սակայն, հիմա էլ պարզվում է, որ ռեփերը գումարը վերցրել է, իսկ այ թե երբ կհամենա համերգ տալու՝ հայտնի չէ: Ընկերությունից էլ մամուլի ներկայացուցիչներին որևէ հստակ տեղեկություն չեն տրամադրում՝ պնդելով, որ դեռ բանակցություններ են ընթանում: Այսինքն՝ մարդիկ տոմսեր են ձեռք բերել, ռեփերին իր հոնորարն արդեն իսկ վճարվել է, համերգի ծախսերը, բնականաբար, կատարվել, իսկ համերգը չկա ու չկա: Բնականաբար, այդ 6 միլիոն դոլարը, որը կառավարությունը տրամադրել էր ընկերությանը հարկատուների գրպանից, բյուջե դժվար թե վերադառնա: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պետք է ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Իսկ համերգը կազմակերպելու էր ինչպես նշեցինք՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենն ամիսներ առաջ 2023թ․ հուլիսի 4-ին։ Ընկերության 51 տոկոս բաժնեմասը պատկանում է Մակար Պետրոսյանին: Վերջինս, հիշեցնենք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ-ի Ալիկ») որդին է։ 2018-ին ՄԱՊ-ի Ալիկին ձերբակալեցին, նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Չնայած դրան՝ Պետրոսյանն ընդամենը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Ու չնայած դրան՝ ՄԱՊ-ի Ալիկի որդին փաստացի շատ անհարմար դրության մեջ է դնում Փաշինյանին, եթե չասենք՝ քցում է վերջինիս...