SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, ով հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։

Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի ավտոպարկ կոչվող տարածքում գտնվող «Լեռնային Հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ոսկու վերամշակման չգործող արտադրամաս, որտեղ տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների 44 հատ էլ. շարժիչներ, 4 հատ էլ. հոսանքի վահանակներ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պետք է պարզեն, թե ինչքան նյութական վնաս է պատճառվել գործարանին։