Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:
Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ավետիս Վ.-ն է, ով ժամը 11:00-ի սահմաններում Զովունի գյուղում «Դ և Ս» շինարարական կազմակերպությունում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով մետաղական կաղապարը գցել է իր վրա, ապա մարմնական վնասվածքներով հարազատների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է: