ԹԻՀԿ-ն այսօր հանդես է եկել զեկույցով, որից պարզ է դառնում, որ Հաշվեքննիչ պալատը չի հետևում իր իսկ կողմից արձանագրված խախտումների վերացմանը: Մինչդեռ պետական կառույցներում այդպիսի խախտումների պակաս չի նկատվում:
Դիցուք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել:
Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում' մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ․ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց' օգոստոսի 12-ին' «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից, այն ժամանակ ի դեպ նախարար էր Զառա Բաթոյանը: Իսկ այս բացահայտումը կատարվել է ՀՊ դեռևս նախկին ղեկավարության օրոք:
ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։
Հաշվեքննիչ պալատից զատ պետական կառույցներում խախտումներ է հայտնաբերել նաև ՊՎԾ-ն: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում ենպետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման ,ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքներիծրագրերին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրականընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներինծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին:
Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած կառույցը 60 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերել նաև ՊՆ-ում:
Ինչպես տեսնում ենք՝ խախտումներն արձանագրվել են, սակայն ոչ պատկան կառույցներն են զբաղվում դրանց հետագա ուսումնասիրությամբ, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է խոստացածի պես ուշադրության կենտրոնում պահում այս դրվագները, էլ չենք խոսում թիմակիցներին պատժելու մասին...