ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները՝ ժամը 10:54-ի դրությամբ:

Դիտորդը ժ. 9:48-ին հայտնել է, որ ժ. 08:00-ին Շենգավիթի 8/39 տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքին կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

 

Ժ 10:43-ին՝ մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) 6/8 Աջափնյակ տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե՝ ոչ և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է՝ անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին նկատեն տեղամասի տարածքում:

Դիտորդը տեղեկացնում է նաև, որ ժ. 08:16-ին 8/15 Շենգավիթ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողնից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում: