Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ շրջափակել է Գազա քաղաքը և հարվածներ է հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։

Գազայի հատվածում ամենախոշոր և ամենախիտ բնակեցված քաղաքի շրջափակման մասին հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես հայտնել է այնտեղ ընթացող մարտերի մասին։

«Մարտերն իրենց կիզակետում են։ Մենք տպավորիչ հաջողություններ ենք ունեցել և անցել ենք Գազա քաղաքի արվարձանները։ Մենք առաջ ենք շարժվում», - ասել է Նեթանյահուն։

ԻՊԲ-ի ռազմական ինժեներների բրիգադի գեներալ Իդդո Միզրահիի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը լավ է նախապատրաստվել, և իսրայելցի զինվորների ճանապարհին բազմաթիվ ականներ և թակարդներ կան։

Ըստ Գազայում գտնվող ականատեսների՝ ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինի իսլամական ջիհադ» իսլամիստական կազմակերպության զինյալները դուրս են գալիս թունելներից, կրակ բացում իսրայելական տանկերի վրա, այնուհետև կրկին անհետանում։

Ամերիկացի երկու պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Գազայում հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձում է գտնել ՀԱՄԱՍ-ի մոտ գերի պահվող անձանց։

Այս ընթացքում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվն աճում է, իսկ Իսրայելն անտեսում է հրադադար հայտարարելու կոչերը, որ հնչեցնում են բազմաթիվ համաշխարհային ղեկավարներ։ Իսրայելի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ն իր ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական շենքերի տակ կամ դրանց ներսում՝ վտանգի տակ դնելով խաղաղ բնակչությանը։

Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սրացման վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 9061 մարդ։ Իսրայելը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում սպանվել է 1400 մարդ։ Ավելի քան 240 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի կողմից ցամաքային գործողության մեկնարկի վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 23-ի։

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն իր հերթին հայտարարել է հակամարտության ընթացքում 36 լրագրողի զոհվելու մասին։

Իսկ նոյեմբերի 1-ին և 2-ին «Ռաֆահ» անցակետով Գազայից Եգիպտոս է անցել ավելի քան 700 օտարերկրյա քաղաքացի, ինչպես նաև տասնյակ ծանր վիրավորներ։