Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք «թանկ» են նստելու ոչ միայն հայաստանցիների վրա, այլև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից տարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու անթաքույց քաղաքականություն և հոժարակամություն, որով ՀՀ իշխանությունները կուլ են տալիս խայծը, չի վրիպում նաև պաշտոնական Մոսկվայի հայացքից: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամիսներ շարունակ դեմարշ են կազմակերպում և վարչապետի մակարդակով չեն մասնակցում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված հանդիպումներին, փոխարենը՝ Բրյուսելից Երևան չեն վերադառնում:
Վերը նշված նպատակին հասնելու համար Արևմուտքը մշտապես օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները: Դիցուք, ընդամենն օրեր առաջ Սասնա Ծռեր շարժումը երթ էր կազմակերպել Երևանի կենտրոնում, որի գլխավոր մեսիջն առաջին հայացքից ավելի քան հայրենասիրական է և ականջահաճո՝ «երկիրը պետք է փրկվի վերջնական թրքացումից»: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ երկիրը, ըստ երթի, կազմակերպիչների պետք է «փրկվի» Արևմուտքի պատրոնաժի տակ և երթի ժամանակ ԱՄՆ դրոշների բազմազանությունը, ահավասիկ, դրա մասին է վկայում: Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ զուգահեռներ են ի հայտ գալիս այն պրոցեսների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո և Ուկրաինայում՝ Մայդանից հետո:
Բոլոր ժողովրդական շարժումներն էլ, այդ թվում՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը մատուցվում են հայրենասիրական «սոուսի» տակ և հենվում են ժողովրդական լայն շերտերի աջակցության վրա: Օրինակ՝ Վարդերի Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Իսկ այժմ ամենաուշագրավը: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իր հուշերում վկայում է, որ նույնիսկ հեղափոխության անվանումը տվել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրող Ռայան Չիլկոտը, որը հարցազրույցների միջոցով ներկայացրել է Վրաստանում կատարվող իրադարձությունները: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մինչև Վարդերի հեղափոխությունը, ընդամենը երեք ամսվա ընթացքում Սորոսի հիմնադրամները վրացական ընդդիմությանը փոխանցել են շուրջ 42 միլիոն դոլար: Թե ինչ եղավ ընդամենը մի քանի տարի անց՝ 2008-ին, հիշում ենք բոլորս՝ պատերազմ ՌԴ հետ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:
Գանք Ուկրաինա` Եվրոմայդան, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ Արժանապատվության հեղափոխություն: Այստեղ էլ ուկրաինական ընդդիմությունը կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Վիկտոր Յանուկովիչից կնքել եվրոասոցացման պայմանագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը շտապել էր իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, բացի այդ, բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը թխվածքաբլիթ բաժանում ցուցարարներին: Ըստ այդմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոմայդանի հիմնական շահառուն հենց Արևմուտքն էր: Թե ինչ եղավ հետո՝ նույնպես գաղտնիք չէ: Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ընթացիկ պատերազմի արդյունքում՝ չնայած Արևմուտքի ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությանը, արդեն իսկ կորցրել է Դոնեցկն ու Լուգանսկը և, կարծես թե, տարածքային կորուստներն այդքանով չեն ավարտվելու:
2018-ին Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում էին ավելի արժանապատիվ կյանքի համար: Մինչդեռ արդյունքը հինգ տարի անց արժանապատվության հետ որևէ աղերս չունի՝ ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների զրոյացում, պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր փախստականներ, անվտանգային լրջագույն խնդիրներ ՀՀ–ի համար:
Այս երեք դրվագները միավորող մի շարք առանձնահատկություններ կան։ Նրանք բոլոր էլ ի հայտ էին գալիս հայրենասիրական հողի վրա, այնուհետև շատ արագ վերածվում արևմուտքի կողմից վերահսկվող և կառավարվող պրոյեկտների և ինչպես տեսնում ենք՝ հետևանքն էլ երեք դեպքում նույնն է՝ պատերազմներ, կորցրած տարածքներ, խեղված ճակատագրեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանի փողոցներում հնչող՝ երկիրը արևմուտքի օգնությամբ փրկելու կոչերը և ՀՀ իշխանությունների կողմից՝ «վեկտոր փոխելը» առնվազն մտահոգություն են առաջացնում: Եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկանում են լուծել ՀՀ գլխին դամոկլյան սրի պես կախված անվտանգային խնդիրները, որոնք հենց իրենք էլ ստեղծել են Արևմուտքի ասեղը թելելով, ապա պետք է գիտակցեն, որ ՌԴ–ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պարզապես այլընտրանք չունի, իսկ այլընտրանք գտնելու ցանկացած փորձ բերելու է միայն նոր կորուստների․ վերը բերված օրինակներն ասվածի վառ ապացույցն են: Մնում է սովորել պատմությունից դասեր քաղել: