Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա համարելով երրորդ հանրապետության անվտանգային համակարգի ամենամեծ խնդիրը, որը մինչ օրս չի նկատվել:
Նրա խոսքով՝ մինչև այս պահն էլ այդ իրողությունն արձանագրված չէ:
«Մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ ու ամենաբարձր մակարդակի վրա: Մեր երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ, որոնց մասին այս ամբիոնից նշել եմ: Դրանց դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում», - ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը օրակարգային հարց է:
«ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն», -հավաստիացրեց նա: