«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունն այն է, որ վիզուալ կերպով Հայաստանը ցույց տա իր պարամետրերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տնտեսական, անվտանգային կամ քաղաքակրթական ի՞նչ բաղադրիչներ ունի և ի՞նչ կարող է տալ տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրներին։
«Գիտեք, որ վերջին երեք տարիներին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և Հայաստանում ու Հայաստանից դուրս Հայաստանի Հանրապետության կառավարությանը այդ թեմայով վերագրել են ամենատարբեր խոստումներ, ամենատարբեր պատրաստակամություններ, դավադրություններ և այլն, և այսպես շարունակ։
Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունը այն է, որ վիզուալ կերպով ցույց տանք՝ ի՞նչ ենք ուզում, ի՞նչ պատրաստակամություն ենք հայտնել և այլն, և այսպես շարունակ։ Գիտեք, որ ամենատարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել և այդ բառի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են եղել։ Մենք դրել ենք մեր պարամետրերը, որից դուրս խոսակցություն չի եղել։ Այսինքն՝ սա ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարիների ընթացքում մեր դիրքորոշումների, մեր քննարկումների և պայմանավորվածությունների արտահայտություն»,- ընդգծեց Փաշինյանը։