Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին մոտ 600 մլն դոլար են ներդրել Իսրայելի տնտեսության մեջ։Այս մասին նախօրեին Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը, գրում է Haaretz–ը։
Այսօր Իսրայելը շատ լավ պայմաններ ունի օտարերկրյա ներդրումների և միջազգային զբոսաշրջիկների ներգրավման համար։ Մենք պատրաստ ենք տարբեր երկրների ղեկավարներին մատուցել տարբեր ծառայություններ առողջապահության և զբոսաշրջության ոլորտում՝ ապահովելով անվտանգությունը համաշխարհային չափանիշների ամենաբարձր մակարդակով։ Շատ պաշտոնյաներ տարբեր երկրներից ներդրումներ են կատարել Հայֆայում և Թել Ավիվում անշարժ գույքի ոլորտում, ասել է Լևինը։ «Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահի կինն ու որդին 6 միլիոն դոլարով տպավորիչ վիլլա են գնել Հայֆայում, որի անվտանգությունն ապահովում են մեր ուժայինները՝ Ադրբեջանի պահանջով»,- պարզաբանել է նախարարը։ Ադրբեջանի նախագահի կրտսեր որդին՝ Հեյդար Ալիևը, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է այդ վիլլայում իսրայելցի փորձառու բժիշկների հսկողության ներքո, և այս ընթացքում լիովին ապաքինվել է ծանր հիվանդությունից։
Ինչպես նշում է թերթը, Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները, իսրայելական բորսայում ներդրել են իրենց անձնական ունեցվածքի մի մասը՝ մոտ 600 մլն դոլար։ Ադրբեջանի նախագահի կինը, ով Հեյդար Ալիևի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավարն է, վերջին հինգ տարիների ընթացքում ուշագրավ գումար է ներդրել Իսրայելում և այժմ սերտ համագործակցում է իսրայելական բարեգործական կազմակերպությունների հետ։
Ըստ իսրայելական հրատարակության՝ Հեյդար Ալիևը մի քանի ավելի թանկ վիլլաներ ունի Դուբայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում և Ստամբուլում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 350 միլիոն դոլար։