«Հրապարակ». թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ:
Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ»։
Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023 թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլեւս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է' ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետեւաբար' հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։
«Այս հիմնավորումն ապօրինի է, որեւէ մարմնի, որեւէ պաշտոնատար անձի իրավունք չկա վերապահված, որ իր արձակուրդում գտնվելն իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու հիմք դարձնի։ Այդպես լինի՝ ԱԺ-ն պետք է ասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ հինգուկես, որովհետեւ ամեն տարի մեկուկես ամիս արձակուրդ եմ գնում»,- նկատում է Մինասյանը»: