2023թ. նոյեմբերի 10-ին Պլեխանովի անվ․ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Իմ հայրենիքը Հայաստանն է» խորագրով հայրենասիրական միջոցառումը: Հավաքվել էին ուսանողներ, ծնողներ, աշխատակիցներ, մասնաճյուղի տնօրենությունը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի պետ Ա. Բարսեղյանը:
Միջոցառմանը ուսանողները երգեցին երգեր, կարդացին բանաստեղծություններ հայ հերոսների արիության, բարոյականության, հավատարմության, պարտքի զգացման եւ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մասին, հիշեցին հայոց պատմության հերոսական էջերը:
Վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Թ. Վարդանյանը, ով շնորհակալություն հայտնեց ուսանողներին փայլուն ելույթների համար՝ նշելով, որ միայն ճանաչելով իր հայրենիքը, տոգորվելով նրա հանդեպ սիրո զգացումով, մարդ կարող է ձգտել նմանվելու իր երկրի հերոսներին:
Ա. Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ ուրախ է լինել մի ուսումնական հաստատությունում, որտեղ խորապես ուսումնասիրվում է հայոց լեզուն, գրականությունը, մշակույթը, պատմությունը, լուրջ ջանքեր են գործադրվում հայրենասիրական ոգին վառ պահելու համար:
Նման միջոցառումները նպատակ ունեն ուսանողներին ծանոթացնել մեր ժողովրդի պատմության հերոսական էջերին, պահպանել ազգային հիշողությունը եւ ուսանել պատմության դասերը: