«Փաշինյանի՝ ԼՂ անկախության կապակցությամբ շնորհավորանքը կարմիր գծի հատում էր»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման ժամանակ։
«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե ԼՂ ղեկավարները հանձնվեն, նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը նորից պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր նրանք Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին»,-ասել է Ալիևը։
«Սեպտեմբերին տեղի ունեցավ իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր «հատել կարմիր գիծը», այն էր՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը ԼՂ անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Սա մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- հայտարարել է Ալիևը: