Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո, այսինքն՝ այսօրվանից: «Շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,-հայտարարել էր Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։
Արդյոք սա Նիկոլ Փաշինյանի խոստացված կոռուպցիայի հաղթահարման համալիր գործողությունների մեկնա՞րկն է, թե՞ այսպիսով նորընտիր վարչապետը փորձում է գտնել սխեմաներ, որոնք թույլ կտան բոլոր կողմերի համար ընդունելի ելքի հանգել: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հանրային օրակարգում երեք կարեւորագույն՝ Ընտրական նոր օրենսգրքի, Կուսակցությունների մասին եւ Դեկապիտալիզացիայի օրենքներն են, որոնք կարող են դնել համակարգային լուրջ փոփոխությունների եւ հանրային համերաշխության հենքը: Հատկապես դեկապիտալիզացիայի մասին օրենքի ընդունումը հնարավորություն կտա լուծել բիզնեսի ու իշխանության տարանջատման, սեփականության անձեռնմխելիության, ստվերի եւ այլ հարցեր: Ըստ տեղեկությունների՝ կիրակի օրը հանդիպում էր կայացել վարչապետի և օլիգարխիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի դեպ՝ ի տարբերություն կառավարության նիստերի և որդեգրած թափանցիկ քաղաքականության՝ հանդիպումը փակ էր: Կասկած անգամ չկա, որ հանդիպման ընթաքում մեծահարուստների հետ քննարկվել է նաև դեկապիտալիզացիայի վերաբերյալ օրինագիծը և գուցե անգամ հորդոր է հնչել, որպեսզի օլիգարխիան խոհեմություն դրսևորի և գիտակցի, որ այդ պարագայում խաղը կավարտվի իր համար նվազագույն կորուստներով՝ գլուխները կազատեն ընդհամենը գողացված գումարները հետ վերադարձնելով, իսկ դա վատագույն սցենարը չէ տարիներ շարունակ ժողովրդի հաշվին գրպանները լցրած մեծահարուստների համար:
Ի դեպ, երեկ կայացած կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին ՀՀԿ գործարար հատվածը չէր ներկայացել, թերեւս Փաշինյան-գործարարներ հանդիպումը սերտ փոխըմբռնման մթնոլորտում է անցել, ու այն փչացնելու ցանկություն չկա: Այս համատեքստում էլ ավելի ուշագրավ են դառնում ԱԱԾ կողմից խոստացվող բացահայտումները: Վանեցյանի հայտարարությունը մեսիջ էր օլիգարխիային, որպեսզի վերջիններս չփորձեն խոչընդոտել վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին, հասկացնելով, որ այստեղ լուծվում է նաև նրանց անվտանգության հարցը:
Ստելլա Խաչատրյան