Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այն միտումը, որ Սյունիքի մարզը երբեմն առանձնացվում է՝ որպես անվտանգության առումով Հայաստանի ամենախոցելի տարածք։
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին, իրականացնելով բազմամիլիարդանոց ծրագրեր, ամենամեծ ներդրումները կատարել է հենց Սյունիքի մարզում։
Նրա խոսքով՝ Կառավարության ուղիղ ծրագրերով վերջին հինգ տարում ամենատարբեր հոդվածներով ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ են կատարվել Սյունիքի մարզում։
«Վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանին գտնվող մաքսակետը։ Եվրամիության աջակցությամբ ժամանակակից մաքսակետ կստեղծվի, ինչը աշխատատեղերի ստեղծման շատ լուրջ խթան է լինելու։ Շուտով սկսվելու է Հյուսիս- հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը։ Եվրամիությունը ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավականին խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում արդեն իսկ գործարկվել է օդանավակայանը։ Մեղրիում բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Այս պահին Սյունիքի մարզում 60 կրթահամալիրի կառուցման ծրագիր է իրականացվում»,-թվարկել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ամենը հստակ քաղաքական ուղերձ են, որ Սյունիքում կառավարության բոլոր ծրագրերը ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության հետ են կապված։
Նա ընդգծել է, որ Սյունիքի մարզի զարգացումը, բարեկեցությունը և անվտանգությունն ամենօրյա աշխատանքի մեջ է։
«Այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունիքում, ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի մարզերում։ Դրանք կան և ակնհայտ են, բայց դրանք պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել։
Այդ անվտանգության խնդիրների լուծման համար է, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել և նաև միջազգային շատ ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության պաշտպանության շուրջ»,-շեշտել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ներկայում բացարձակ անվտանգություն երկրագնդի վրա գոյություն չունի, ՀՀ-ն պետք է ստեղծված նոր միջավայրում անվտանգային հուսալի մեխանիզմներ ձևավորի։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն տևական, դե յուրե արձանագրված խաղաղությունը։