Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը:
Այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Բադասյանի խոսքով՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել:
«Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը: Սակայն կան նաև դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը:
Անդրադառնալով անհատների կողմից սոցիալական տարբեր ցանցերում բարձր գներով գովազդ կատարելու ու հարկային դաշտում գործել-չգործելու վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց, որ անպայման կուսումնասիրեն:
«Եթե ստուգենք և տեսնենք, որ ինքը որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարարագրել այդ եկամուտները, անպայման վարչարարություն կլինի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:
Նա ընդգծեց՝ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ թե՛ էլեկտրոնային հարթակներով գովազդներ են տեղադրվել, թե՛ որոշակի իրեր են վաճառվել, որոնցով հարկեր չեն վճարվել»,- նշեց Բադասյանը: