Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսից սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում: Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ' քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:
Հարցին, թե ինչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անհատական նամակ է գնում և, ըստ էության, նրան առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է»:
Անանյանն ընդգծեց, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձեւավորման խնդիր կա: