Երեկ ԵՊՀ առջեւ մի ուսանողուհու կողմից որպես բողոքի նշան վիրավորական արտահայտություն նշանակող մատներ ցույց տալը ամբողջ համացանցում քննարկողների եւ նրան վիրավորողների մի մասն այսօր արդեն ձեռք են բարձրացրել դասադուլ իրականացնող ուսանողների ու քաղաքացիական ակտիվիստների վրա:

Ինչպես lragir.am –ին հաղորդեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, Երեւանի պետական համալսարանի դիմաց ոստիկանների լուռ համաձայնության ներքո մի քանի տասնյակ երիտասարդներ, ովքեր հավանաբար համալսարանի ուսխորհրդի հանրապետական ներկայացուցիչներն են, կոնֆլիկտային իրավիճակ են ստեղծել՝ հարվածելով երկու երիտասարդի:

«Նույնը շարունավեց պետական տնտեսագիտական համալսարանի մոտ, որտեղ նորից մի քանի տասնյակ երիտասարդներ հարվածեցին մի աղջկա ու տղայի, որից հետո նոր ոստիկանները սկսեցին հանդարտացնել իրավիճակը: ԵՊՀ պատմության շենքի առջեւ դռները փակ էին, իսկ Ագրարային համալասարնի պատվանդանի վրա հավաքված էին 50-80 տղաներ ու վանկարկում էին՝ «Հեռացե՛ք, թուրքե՛ր: Նրանք մեր վրա էին նետում մաստակներ ու ծխախոտի տուփեր, իսկ երբ ոստիկաններին հարցնում էինք, թե ինչու չեն կանխում այդ խուլիգանույթունը, մեզ ասում էին, թե մենք ենք նետում այդ ամենը, իրենք էլ հետ են նետում»,- պատմում է Կաղինյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարնաի մոտ սցենարը շարունակվում է: Ինչպես դասադուլավորներն են ասում, պարզ զգացվում է, որ ինչ-որ մեկի կողմից պլանավորված եւ ոստիկանների աջակցությամբ սկսվել է բռնություն կիրառվել ուսանողների վրա:

Իրենց տղամարդ հռչակողներն այսօր վիրավորել ու հոգեբանական ճնշումի են ենթարկել դասադուլ անցկացնող աղջիկներին: Այդ քաշքշուկների մեջ հարվածել են նաեւ ՀԺ լրագրողի գլխին: