Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա կետ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն սահմանի ինչ-որ ճանապարհի նկատմամբ. խոսքը բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Նման կետ գոյություն չունի։ Երբ որ մենք կարդում ենք 9-րդ կետը, տեսնում ենք, որ այդ կետը նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի: Եվ Հայաստանը պատրաստ է այդ ճանապարհը տրամադրել՝ մեր օրենսդրությանը համապատասխան։ Իսկ ո՞վ է ասել, թե Հայաստանը երբևէ փակել է ճանապարհները։

Երկրորդը՝ խոսենք առհասարակ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա՞ մեկ կետ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանն ինչ-որ բան պարտավորվել են անել և արել են։ Չկա՛ այդպիսի կետ։ Բոլոր կետերը՝ այն, ինչ-որ իրենք պետք է անեին, չեն արել»,-ընդգծեց Պապոյանը։

Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում տալուց առաջ թող բոլոր մարդիկ վերադառնան Լեռնային Ղարաբաղ, թող ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, թող Լաչինի միջանցքը մնա, Ռուսաստանի Դաշնությունն իր խաղաղապահ կոնտինգենտով շարունակի Լաչինի միջանցքում և մնացած տարածքներում իրականացնել իր գործառույթները։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետեր կան, բայց այնպիսի կետ, թե Ռուսաստանն ինչ-որ բան պետք է վերահսկի՝ գոյություն չունի։ Խոսքը ճանապարհների բացման մասին է, կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչը Հայաստանի օրակարգն է»,- եզրափակեց Պապոյանը։